Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Աստվածաշնչի ընթերցանության հերթականությունը

Աստվածաշնչի ընթերցանության հերթականությունը
24.07.2009 | 00:00

ԻՆՉՊԵՍ ԿԱՐԴԱԼ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ
Արդար ես Դու, Տեր, և շիտակ են քո դատաստանները։ Դու պատվիրեցիր քո վկայությունները, որոնք արդարև շատ ճշմարիտ են:
(Սաղմ. 118. 137-138)
Աստվածաշնչյան բոլոր գրքերն էլ, թեպետ կուռ ամբողջություն են կազմում, սակայն տարբեր են թե՛ իրենց կարևորությամբ և թե՛ մատչելիությամբ, ինչն ինքնին ենթադրում է ընթերցանության` սրբազան գրքերի ընդհանուր ցանկից զանազանվող հերթականություն և առանձին գրքերի առավել խոր քննություն ու սերտողություն։
Ս. Գրքի երկու անքակտելի մասերից առավելագույն հարգը Նոր Կտակարանինն է` իբրև Հնի լրումի։ Իսկ նորկտակարանյան 27 գրքերի շարքում, բնականաբար, կարևորագույնները չորս Ավետարաններն են, որոնք նկարագրում են մեր Տեր Հիսուս Քրիստոսի կյանքը, առաքելությունն ու քավչարար մահը և շարադրում նրա խոսքերն ու վարդապետությունը. «Աստված բազմապիսի ձևերով և այլազան օրինակներով նախապես խոսեց մեր հայրերի հետ մարգարեների միջոցով. այս վերջին օրերին մեզ հետ խոսեց Իր Որդու միջոցով, ՈՒմ ժառանգ նշանակեց ամեն ինչի և ՈՒմ միջոցով ստեղծեց տիեզերքը» (Եբր. Ա 1, 2)։
Իրենց կարևորությամբ ավետարաններին հաջորդում են Գործք առաքելոցն ու առաքելական թղթերը։
Ավետարանի այս գերակա հարգն իր արտահայտությունն է գտել նաև եկեղեցու ընդհանրական աստվածապաշտության մեջ։ Սրբազան գրքերից միայն Ավետարանն է դրվում խորանում` սուրբ սեղանի վրա։ Այն մատուցվում է հոգևորականներին և հավատացյալներին` համբուրելու համար։ Քահանան, իբրև մեծարանքի նշան, Ավետարանը բռնում է դաստառակով` թաշկինակով։ Ավետարանական ընթերցվածքներն ընդգրկված են Մաշտոցի մեջ` իբրև հիվանդների բժշկության կանոն և այլն։
Հինկտակարանյան գրքերից քրիստոնյաների համար ամենակարևորը Սաղմոսարանն է, որը լայնորեն կիրառվում է ընդհանրական և առանձնական աստվածապաշտության մեջ։ Սաղմոսները հոգևոր երգեր են, որոնք իրենց փառաբանական, գոհաբանական, պաղատական և ապաշխարական բնույթով նույնական են աղոթքների հետ, բայց վերջիններից այն առանձնահատկությունն ու տարբերությունն ունեն, որ հինկտակարանյան բովանդակ օրենսդրական, պատմական, իմաստության և մարգարեական գրքերի կատարյալ խտացումն են։
Նորկտակարանյան գրքերի և Սաղմոսարանի դերն առանձնական աստվածապաշտության մեջ մեծ է և կարևորվել է եկեղեցու հայրերի կողմից։ Նշենք, որ Նոր Կտակարանի գրքերի և սաղմոսների քաջիմացությունն ու անգիր իմանալը պարտադիր են եղել միջնադարյան վանքերում։ Սակայն նորկտակարանյան գրքերի առանձնահատուկ դերն ու կարևորությունը չի նսեմացնում հինկտակարանյան մյուս գրքերի արժեքը, այլ միայն աստիճանակարգում է։ Հենց Հին Կտակարանի գրքերը նկատի ունի Պողոս առաքյալը, երբ ասում է. «Աստծու շնչով գրված ամեն գիրք օգտակար է ուսուցման, հանդիմանության, ուղղելու և արդարության մեջ խրատելու համար, որպեսզի կատարյալ լինի Աստծու մարդը և պատրաստ` բոլոր բարի գործերի համար (Բ Տիմ. Գ 16-17)։
Հինկտակարանյան գրքերի ընտրությունը մանավանդ սկսնակներից զգուշություն է պահանջում։ Այսպես, ըստ Որոգինեսի վկայության` Իսրայելում մինչև 30 տարին բոլորելը արգելված էր կարդալ Աստվածաշնչի սկիզբը, Եզեկիելի մարգարեության սկիզբն ու վերջը և Երգ երգոցը։ Ս. Աթանաս Աղեքսանդրացին Երգ երգոցի համար մասնավորապես ասում է. «Նրա մեջ ամեն ինչ սկզբից մինչև վերջ գրված է խորհրդաբար, առեղծվածային այլաբանությամբ. նրա մեջ ամփոփված դավանական իմաստները ոչ թե տառի մեջ են, այլ խորապես ծածկված են նրա տակ... Ահա թե ինչու միայն կատարյալները կարող են կարդալ այս գիրքը, սակայն նրանք էլ կարդալիս պետք է նկատի ունենան այլաբանությունը, որպեսզի անիմաստների տգիտությամբ չծաղրվի նրա մեջ շարադրվածը»։ Բանն այն է, որ այս գիրքն այլաբանորեն պատմում է Փեսայի` Հիսուս Քրիստոսի և Հարսի` Եկեղեցու, մեկմեկու նկատմամբ կատարյալ սիրո մասին, և այս սերը նկարագրված է իբրև աղջկա սեր իր սիրեցյալի նկատմամբ, ինչը կարող է գայթակղել շատերին։
Սիրաքի գիրքը միշտ օգտակար է համարվել պատանիների համար։ Այս բանը, ի դեպ, վավերացրել է առաքելական ՁԵ կանոնով և ավելի ուշ` Սիոն կաթողիկոսի օրոք, 768 թ. գումարված Պարտավի ժողովը, որն իր ԻԴ կանոնում այդ գիրքը շահեկան է համարում հատկապես պատանիների համար. «Առ ի յուսուցանելոյ զձեր մանկունս զուսումն բազմամասն»։
Հինկտակարանյան գրքերի մատչելիությունն ըստ տարիքի և հոգևոր հասունության փաստում է նաև ս. Գր. Տաթևացին. «Պետք է իմանալ նաև, որ Սողոմոնի երեք գրքերը խրատ են մարդու երեք հասակի համար. Առակները` պատանիներին, Ժողովողը` երիտասարդներին, իսկ Երգ երգոցը` ծերունիներին։ Առակները մեզ սովորեցնում են բարոյական առաքինությունները, Ժողովողը` ստացականները, Երգ երգոցը` աստվածայինները։ Առակներն արտաքին սրահն են, մյուսը` սրբությունը, Երգ երգոցը` սրբություն սրբոցը։ Առակներով գալիս ենք հավատի իմաստությանը, աշխարհի ունայնությամբ (այսինքն` Ժողովողի գրքով)` երկնավոր հույսին, Երգ երգոցով` Աստծու անախտ սիրուն, որը լրացնում է ամեն ինչ»։
Նշենք նաև, որ Հին Կտակարանում, ի թիվս Աստվածաշունչ Գրքերի, ընդգրկված են երկրորդականոն կոչվող գրքերը, որոնց հեղինակներն աստվածաշնորհ մարգարեներ չեն։ Այս գրքերը, որոնցում կան դժվարըմբռնելի հատվածներ, կամ էլ ամբողջովին բացակայում է հոգևոր բովանդակությունը, այդուհանդերձ, ընդգրկվել են Ս. Գրքի ցանկի մեջ` իբրև հավատի շինության համար օգտակար։ Աստվածաշնչի արդի արևելահայերեն թարգմանության մեջ զետեղված են ինը երկրորդական գրքեր` Ա Եզրաս, Հուդիթ, Տոբիթ, Մակաբայեցիների Ա, Բ, Գ, Իմաստություն Սողոմոնի, Սիրաք և Բարուք։ Երկրորդականոն գրքերի թիվը տարբեր եկեղեցիներում տարբեր է։
Ժամանակ առ ժամանակ առանձին գրքերով կամ ամսագրերում լույս են տեսնում պարականոն (ապոկրիֆ) անվանվող գրքերը։ Բանն այն է, որ անցյալում այդ գրքերի հեղինակները, հետապնդելով ինչ-ինչ նպատակներ կամ փորձելով տարածել իրենց կեղծ ուսմունքներն ու կարծիքները, նենգաբար իրենց գրվածքներին տվել են սուրբգրային խորագրեր և տեսք։ Քրիստոնեության առաջին դարերում ի հայտ եկան մի շարք պարականոն գրքեր, ինչպես` «Հակոբի Նախավետարանը», «Թովմասի Ավետարանը», «Պողոս առաքյալի հայտնությունը» և այլն, որոնք կազմված էին եբիոնության և գնոստիցիզմի ուսմունքների համաձայն։ Կան նաև հինկտակարանյան պարականոն գրքեր, ինչպես` «Վերացումն Մուսիսի», «Եղիայի ծածուքն», «Ելդադ և Մովդադն» և այլն։ Այս գրքերը մերժվում են եկեղեցու կողմից և համարվում վտանգավոր ու վնասակար։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ՃԱՇՈՑ ԳՐՔԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ
Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցում հաստատված կարգով ամեն օր ժամերգությունների, տոնական և կիրակի օրերին մատուցվող ս. պատարագի ընթացքում դպիրը, սարկավագը և քահանան Ս. Գրքից հատվածներ` ընթերցվածքներ են կարդում։ Սուրբգրային հատվածներ ընթերցելու կարգը սկզբնավորվել է Իսրայելում, հնագույն ժամանակներից։ Հիսուսն Իր առաքելության ընթացքում ժողովարանում ներկաների համար կարդաց և մեկնեց Ս. Գրքից մի հատված (տե՛ս Ղուկ. Դ 16-21)։
Քրիստոնեության տարածումից հետո սուրբգրային ընթերցումները եկեղեցու ընդհանրական աստվածապաշտության անքակտելի մասը դարձան, ինչը ժողովրդին «վարդապետությամբ խրատելու և բարին հորդորելու համար է, նաև` նախագուշակ և վկա Տիրոջ տնօրինության»։ Առաքելական Ը կանոնում կարդում ենք. «Առաքյալները կարգեցին և հաստատեցին, որ Եկեղեցում ընթերցվեն Գրքերը. Հին Կտակարանը` Օրենքը և Մարգարեները, և Նոր Կտակարանը (որոնք լինեն մեր Փրկչի չարչարանքների մասին), ավետարանիչների գործն ու խոսքը ճշմարիտ Բանի և Փրկչի աշակերտների վարդապետության մասին։ Սրանից ավելին թող չընթերցվի բեմից»։
Սուրբգրային այս ընթերցվածքները նախկինում կարդացվում էին Ճաշու ժամերգության ընթացքում, այդ պատճառով էլ ընթերցվածքների այս ժողովածուն կոչվեց Ճաշոց գիրք կամ պարզապես Ճաշոց։ Բացի Ճաշոցից, կազմվեցին նաև այլ գրքեր` Ատենի, Յուղաբերի, Ճաշու Ավետարաններ։ Ճաշոցի ընթերցվածքների հերթականությունը ներկայացված է հետևյալ եռակարգությամբ` Հին Կտակարան, Առաքյալների թղթեր, ապա` Ավետարան։ Այս հերթականությունը խորհուրդ ունի։ Ս. Գր. Տաթևացին այսպես է մեկնում այդ կարգը. «Ասենք, որ մարգարեները, իբրև կանխասացներ, նախապես պատմեցին Բանի մարդեղության և մարդկանց փրկության մասին, իսկ առաքյալները, իբրև ականատեսներ, վկայեցին։ Իսկ կանխասելը նախորդում է վկայելուն։
Դարձյալ. մարգարեները` հեռվից, իսկ առաքյալները` մոտիկից տեսան մարմնացած Բանին։ Այդ իսկ պատճառով փոխում ենք տեղերը. մարգարեներից կարդում ենք Եկեղեցու մեջ, իսկ առաքյալներից` բեմի մոտ։
Մարգարեները սերմանեցին, իսկ առաքյալները հնձեցին։ Մարգարեները կանխասացին, իսկ առաքյալները կատարեցին։ Դարձյալ` նախ` օրինակը, ապա` ճշմարտությունն ենք սովորում այստեղ, ապա այնտեղ` անմիջականորեն Տիրոջից, ինչպես որ ասվում է. «Եվ ամենքը Աստծուց ուսած կլինեն» (Հովհ. Զ 45)։
Այնուհետև Գր. Տաթևացին գրում է, որ միշտ կիրակի օրերին Եսայի մարգարեի գրքից է ընթերցվում, որովհետև մարգարեներից միայն նա աստվածաբան կոչվեց` Քրիստոսի տնօրինությունների մասին մյուսներից առավել խոսելու պատճառով։ Այդպես է նաև Պողոս առաքյալի պարագայում։ Քանի որ հրեաների և հեթանոսների քարոզիչը պատմում է Փրկչի բոլոր տնօրինությունների մասին, ուստի «բոլոր տոներին, պահքի, ուտիքի, շաբաթ և կիրակի օրերին նրանից ենք կարդում»։
«Ավետարանի ընթերցանությունը,- գրում է Հովհ. Արճիշեցին,- սովորեցնում է, թե որքան առատ և անչափ է Հոր սերը մարդկանց հանդեպ, քանզի տվեց ոչ միայն խաղաղություն, այլև իր Միածնին` պես-պես տնօրինություններով հանդերձ, որոնք են մարդեղությունը, վարդապետության խոսքերը, սքանչելի գործերը և այս բոլորից առավել` խաչելությունը, թաղումը և հարությունը։ Այս բոլոր երախտիքներն է պատմում Ավետարանը, որոնք լսելով` ամբողջ ժողովուրդը հիանալով փառք է տալիս Աստծուն` ասելով. «Փա՜ռք Քեզ, Տե՛ր Աստված մեր»։
Ճաշոց գիրքը սկսվում է զատկական ընթերցումներով և ներառում ամբողջ Նոր Կտակարանը (բացառությամբ Հայտնության գրքի) և մասամբ` Հին Կտակարանը։
Բացի սուրբգրային այս հատվածները եկեղեցում ունկնդրելուց, հավատացյալներին խորհուրդ է տրվում ընթերցել դրանք տանը։ Այդ նպատակով «Տօնք, պահք և ընթերցվածք Հայաստանյայց Սուրբ Եկեղեցվոյ» օրացույցում նշված են յուրաքանչյուր օրվա ընթերցվածքները։
Ընթերցանության այս շահեկան եղանակը ոչ միայն պատեհություն է ընձեռում խորունկ և ուղղափառ ձևով հասկանալու Ս. Գիրքն իր Հին և Նոր Կտակարանների միասնության մեջ, այլև տեսնելու նրա առնչությունը եկեղեցու աստվածապաշտական տարեկան շրջանի յուրաքանչյուր օրվա հետ։ Այսպես, ս. Հովհաննես Մկրտչի ծննդյան տոնին իր խորհրդով համահունչ են այդ օրվա ընթերցվածքները` Առակ. Ը 4-11, Մաղաք. Դ 5-7, Եսայի Խ 3-5, Գործք ԺԳ 25-33, Ղուկ. Ա 57-80։ Իսկ Ավագ ուրբաթի թաղման կարգին համապատասխանող հատվածներն են` Երեմ. ԺԱ 18-ԺԲ 8, Եսայի ԾԲ 13-ԾԳ 53, Իմաստ. Բ 1-22, Զաքար. ԺԲ 8-14, Ա, Պետ. Գ 17-20, Մատթ. ԻԷ 56-61։
Եպիսկոպոս Ֆեոֆանն այս կապակցությամբ գրում է. «Ամեն ոք չէ, որ կարող է անգիր անել Աստծու խոսքը, սակայն ամեն ոք կարող է կարդալ այն ամեն օր։ Եկեղեցում ընթերցվում են կարճ հատվածներ կամ ընթերցվածքներ, տանը կարելի է ավելի շատ կարդալ։ Հոգեշահն այն չէ, թե քանի էջ ես կարդում, այլ կարևորն այն է, որ կարդացվածը հոգու մեջ մտնի, սիրտը շարժի այնպես, որ ցանկանաս ավելի երկար մտապահել, նրանով քաղցրացնել սիրտը։ Այդ պատճառով չպետք է փութով կարդալ։ Ավելի լավ է հասկանաս և սրտով յուրացնես այն, ինչ սահմանված է ընթերցել Եկեղեցում։ ՈՒստի լավ է նաև կարդալ կարգով հաստատված օրվա ընթերցվածքի մեկնությունը»։
Գրիգոր ԴԱՐԲԻՆՅԱՆ

«Սաղմոսարանը բոլոր դարերի և ժողովուրդների քնարերգության գլուխգործոցն է։ Նրա բովանդակությունն ամբողջական է ու հավիտենական։ Դա Աստծո մեծության ու ողորմածության հարատև հայեցողությունն է, սրտի խոյանքը դեպի բարոյական վսեմություն ու մաքրություն, խորին մորմոքը մարդկային կամքի անկատարության համար, անսասան հավատը Աստծո օգնությամբ չարը հաղթելու հնարավորության նկատմամբ։ Բոլոր այս թեմաները մշտապես հնչում են միաժամանակ` սքանչելիի բազմազանության զուգորդումներով, անսպառ գեղեցկության, ուժի և նրբության դարձվածքներով... Մարդու ձեռքով գրված ոչ մի գիրք, այդ թվում և` Ավետարանը, քրիստոնեական զգացմունքի և գիտակցության վրա չի թողել այնքան անջնջելի, այնքան մեծ, այնքան տիրական հետք, որքան Սաղմոսարանը։ Մարգարեական գրքերից ամենամարգարեական այս գիրքը դարձել է քրիստոնեության այբուբենը։ Ընդսմին, այն մնում է իբրև աղոթական երգեցողության պսակ, անհասանելի օրինակ, անսպառ մի աղբյուր, որը սնում է բանաստեղծական արվեստը երկու հազարամյակ շարունակ։ Եվ ի՞նչ է իրենից ներկայացնում այս գիրքը։ Սաղմոսարանը հոգևոր երգերի ժողովածու է (որոնց վաղեմությունը հաշվվում է տասնյակ դարերով)` գրված մեռած ու աղքատիկ լեզվով` ընթերցողների մեծամասնությանը մատչելի միայն արձակ, այն էլ հնացած ու անհասկանալի թարգմանությամբ։ Փորձեք ընթերցել Պինդարոսի ու Հորացիոսի ամենասքանչելի բանաստեղծական տները, Պետրարկայի ամենակատարյալ սոնետները, Բայրոնի ամենահուզումնալից քնարական զեղումները, Գյոթեի ու Պուշկինի ամենաքաղցրաբույր երգերը ոչ թե չափածո բնագրով, այլ արձակ թարգմանությամբ։ Դուք կհամոզվեք, որ դրանք բացարձակապես դժվարընթեռնելի բաներ են, մանավանդ գլխացավանք են օտար լեզու չիմացող գրականության դժբախտ ուսուցիչների համար։ Իսկ Սաղմոսարանն իր անկատար արձակ թարգմանությամբ շարունակում է ապրել ու ապրեցնել, լինել հանապազօրյա հացը թե՛ գիտության շեմին դեռ նոր ոտք դրած անուս զանգվածների, թե՛ ընտրյալների համար, որ կանգնած են այդ գիտության, մտքի և գեղարվեստական ստեղծագործության գագաթին։ Մի՞թե համաշխարհային գրականության ողջ պատմության մեծագույն հրաշքը չէ սա»։
Ս. ՌԱՉԻՆՍԿԻ
Ռուս մանկավարժ, բուսաբանության դոկտոր

Դիտվել է՝ 6528

Մեկնաբանություններ

2024 © Irates.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am